Skip to content

«Կանայք հանուն խաղաղության» արշավ

Հ ռ չ ա կ ա գ ի ր

 

Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։

Աշխարհում ամեն օր մարդկային կյանքեր են կորսվում թեժ, սառած կամ սողացող պատերազմներում։ Պատերազմները մարդկանցից անվերադարձ հափշտակում են իրենց սիրելիներին։ Խլում են իրենց խաղաղ, երջանիկ ու ստեղծագործ կյանքը և դրա հույսը։ Պատերազմները մարդկանցից օտարում են իրենց տունն ու իրավունքը։ Այս պատերազմները պետք է դադարեն։

Եվ մենք պահանջում ենք խաղաղություն՝ որպես մայր, քույր, դուստր և առաջին հերթին որպես կին։

 

Կանայք և խաղաղությունը

Կանայք և խաղաղությունը նույնական չեն։ Կանայք գիտեն կռվել իրենց տան, սիրելիների և իրավունքների համար։ Սակայն կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ մայր են։ Սակայն բոլոր մարդիկ մայր ունեն։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու սերունդների նկատմամբ հոգատարության ու սիրո, և ուրեմն՝ խաղաղության մայրական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ քույր են։ Սակայն բոլոր կանայք կարող են քույր լինել միմյանց և տղամարդկանց համար։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու հավասարության ու երկխոսության, և ուրեմն՝ խաղաղության քրոջ պահանջը։

Բոլոր կանայք դուստր են։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու խաղաղություն ժառանգելու դստեր պահանջը։

 

Խաղաղության տեսլականը

Խաղաղությունը բռնության, վտանգի, սպառնալիքի և վախի բացակայությունն է և սիրո, վստահության, համագործակցության ու ապահովության առկայությունը։ Մենք պահանջում ենք բացառել բռնությունն ու ուժի կիրառումը` հանուն համերաշխության և խաղաղ համակեցության։

Ճանաչել միմյանց և չատել չի նշանակում թուլանալ և պարտվել։ Ատելությունն ու դրա քարոզը չի բարձրացնում հանրության ինքնապաշտպանության ներուժը։ Ատելության քարոզը շղթայում է մարդկանց՝ պատանդելով նրանց ու նրանց սերունդներին։

Անհատների միջև խաղաղությունը կարող է վերաճել հանրությունների միջև խաղաղության։ Առօրեական խաղաղությունը կարող է վերաճել աշխարհաքաղաքական խաղաղության։ Խաղաղությունը անհատական և միասնական ջանքեր է պահանջում։

 

Պատմությունը, ցավը և հաղթանակը

Մարդկությունը բազում արյունալի պատերազմներ է տեսել և հաղթահարել։ Արդյո՞ք խաղաղություն հաստատած ժողովուրդներն, ուրեմն, դեմ են գնացել իրենց կրած զոհերի հիշատակին։ Ճիշտ հակառակը։ Հերոսները զոհվում են հանուն կյանքի, հանուն իրենց սիրելիների երջանկության, հանուն գալիք խաղաղության։ Ուրեմն խաղաղությունն է բոլոր զոհվածների հիշատակի փառավորման ճշմարիտ միջոցը։ Հաղթանակը պատերազմով չէ, որ հաստատվում է, այլ խաղաղությամբ։ Եվ խաղաղությունը բոլորի հաղթանակն է։

Մենք կարող ենք պատմության շուրջ արմատական տարաձայնություններ ունենալ, սակայն մեզ միավորում է մարդկային վիշտը։ Այն թեթևացնել հնարավոր է մարդկայնորեն կիսելով միմյանց ցավը և միասնաբար պահանջելով՝ էլ ոչ մի զոհ։

 

Համագործակցության հրավեր

Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր կանանց միանալու և աջակցելու այս արշավին։ Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր տղամարդկանց իրենց զորակցությունը հայտնելու այս արշավին։ Արշավը բաց է բոլոր անհատների և հանրույթների համար։

Մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր նման նախաձեռնություններին։ Միմյանցից անկախ, բայց միմյանց վկայակոչելով` մենք մեծացնելու ենք խաղաղության աշխարհագրությունը։ Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդները երազում են խաղաղության մասին։ Մենք գիտենք, որ մենք շատ ենք։

Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։ Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։