Skip to content

Աննա Հակոբյան. «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է հիշեցնել, որ սահմանի զոհերը ոչ թե վիճակագրություն են, այլ ռեալ կյանքեր են և մենք իրավունք չունենք պատասխանատվություն չկրել ամեն կյանքի համար»

ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին Երևանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, խոսել արշավի նպատակների մասին: Աննա Հակոբյանը նշել է, որ արշավը 1,5 տարվա պատմություն ունի և կապված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ:

«Քանի որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում  որպես գլխավոր խմբագիր հետևել եմ պատերազմական գործողություններին, երկու կողմերից եկող լրատվությանը, ռազմական հանցագործություններին, բոլոր սարսափելի իրադարձություններին, և այդ ամենի միջով անցել եմ որպես կին և մայր, Հայաստանում փոփոխություններից հետո, նաև հաշվի առնելով վտանգը, որ  հակամարտող կողմերից մեկը միշտ կարող է վերսկսել պատերազմը, ես որոշեցի արշավ ձեռնարկել դա կանխելու համար: Եվ այդպես ծնվեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որը դեկլարատիվ բնույթ ունի: Արշավի ուղերձը հետևյալն է՝ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, միջնորդներին որպես կին և մայր հորդորել և պահանջել ղարաբաղյան հակամարտության պարագայում երբևէ չգնալ ռազմական ճանապարահով, թույլ չտալ  ռազմական գործողություններ և փորձել հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, բանակցային սեղանի շուրջ»,-

ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ զինադադարի կնքումից անցել է 25 տարի, տարբեր փուլերով ընթացել է բանակցային գործընթաց, սակայն էական փոփոխություններ չեն գրանցվել:

«Այս 25 տարիների ընթացքում մենք ունենք սողացող պատերազմ և  ունենում ենք զոհեր երկու կողմից: Այդ զոհերը մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը մեկ սանտիմետր անգամ: Բայց բավական չէ սողացող պատերազմը, որ մենք ունենք, հակամարտող կողմերից մեկի մտքով անցավ 2016 թվականին լայնամասշտաբ հարձակում գործել: Զինադադարի կնքումից 22 տարի անց Ադրբեջանը, որ պատրաստվում էր պատերազմի, գերթանկարժեք սպառազինությամբ զինվում, դիմեց ռազմական գործողությունների: Սակայն ի՞նչ եղավ արդյունքումկ՝ ադրբեջանական կողմն ունեցավ 1000 զոհ, հայկական կողմն ունեցավ 100 զոհ և նորից հակամարտությունը գտնվում է  այն կետի վրա, ինչ կետի վրա եղել է զինադադարի կնքումից հետո: Եվ այսպես կարելի է շարունակել 25 տարի, այս հակամարտությունը ժառանգել մեր թոռներին, ծոռներին և այդպես սողացող պատերազմի արդյունքում ունենալ զոհեր»,-

ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ մյուս տարբերակը խաղաղությունն է:

«Այս արշավի նպատակն է կանխել հաջորդ ամեն մի զոհը: Որովհետը մենք խոսում ենք տարիների ընթացքում գրանցված զոհերի մասին, ներկայացնում ենք վիճակագրություն, թվեր և մոռանում ենք, որ խոսում ենք մարդկային կյանքերի մասին: Երբ ասում ենք, որ տարվա ընթացքում ունենում ենք 10 զոհ՝ մենք խոսում ենք 10 ընտանիքի մասին, 10 մարդու մասին, նրա ծնողների,  որբացած երեխայի մասին: Վիճակագրության մեջ ամեն ինչ տեսնելը շատ դժվար է, և իմ ուղերձի նպատակն է հիշեցնել, որ այդ զոհերը ոչ թե վիճակագրություն են, այլ դա ռեալ կյանքեր են և մենք իրավունք չունենք պատասխանատվություն չկրել: Ես որպես վարչապետի տիկին ինձ պատասխանատու եմ համարում ամեն կյանքի համար և չեմ կարող իմ խոսքը չասել»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ելույթին հաջորդած քննարկման ընթացքում վարչապետի տիկնոջը հարց է ուղղվել, թե ինչպիսի ակնկալիք ունի լրատվական դաշտից:

«Ես որպես մեդիայի ներկայացուցիչ,  այն տեսակետին եմ, որ եթե գնահատում են, եթե արժեքավոր է նախաձեռնությունը, ապա պետք է աջակցություն ստանա, իսկ եթե կարծում են, որ կարևոր չէ…: Բայց այս ընթացքում աջակցություն չեմ ստացել, տեսել եմ արձանագրային հրապարակումներ և իհարկե դրանցից ավելի շատ հարվածող, քննադատող ու տարբեր մանիպուլյացիաների ենթարկող հրապարակումներ»: